2020 թվականի ապրիլից Անգլիայում պլաստիկե ձողիկները, հարիչներն ու բամբակաձողերը կարգելվեն պլաստմասի թափոնների կրճատման ծրագրերի շրջանակում, տեղեկացնում է CNN-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է արգելքը հասարակության հետ բաց խորհրդակցություններից հետո։

Պաշտոնական անձանց տվյալներով՝ ամեն տարի Անգլիայում օգտագործվում է 4,7 մլրդ պլաստիկե ձողիկ, 316 մլն պլաստիկե հարիչ եւ 1,8 մլրդ բամբակե ձողիկ, ընդ որում՝ բամբակե ձողիկների 10 տոկոսը նետվում է զուգարանակոնքեր։

«Շտապ միջոցներն անհրաժեշտ են շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի եւ պաշտպանության համար»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գովը։

Պետք է հուսալ, որ այդ միջոցները թույլ կտան նվազեցնել օվկիանոսների աղտոտվածությունը, որն ամեն տարի սպանում է ավելի քան 100 հազար ծովային կաթնասուն եւ 1 միլիոն թռչուն։

Օվկիանոսներում 150 միլիոն տոննա պլաստիկ կա, եւ մինչեւ 2025 թվականը այդ թիվը կեռապատկվի։