Փրկարարները Հավայներում գտել են յոգայի հրահանգչին, որը կորել էր անտառում 17 օր առաջ, տեղեկացնում է Reuters-ը։

35-ամյա Ամանդա Էլերին հաջողվել է ողջ մնալ, նա սնվել է բույսերով։ Էլերը մայիսի 8-ին արշավի էր գնացել անտառային արգելոց, բայց մոլորվել է, երբ ավելի է խորացել անտառում՝ կարծելով, թե մոտենում է իր ավտոմեքենային։

Փրկարարներն ուղղաթիռով նկատեցին Էլերին ջրվեժի կիրճում, մի քանի մղոն հեռու իր ավտոմեքենայից։ Էլերը հյուծված էր, առանց կոշիկների, ոտքը կոտրվել էր, ծնկահոդը՝ վնասվել։ Բայց հույս կա, որ նա լիովին կապաքինվի։