Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներում, որոնք վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ՝ երկկողմ օրակարգին։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

 «Ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Չինաստան կատարած այցից երկու շաբաթ անց, և հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ է, որ մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձր դինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծել է նախարար Մնացականյանն իր ողջույնի խոսքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ՝ առավել կարևորելով առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի խթանումը, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը:

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքին համապատասխան:

Ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը:

Երկուստեք գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր: