Տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան հաղթում է Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տվյալների հաշվարկումից հետո, վկայում են ԿԸՀ կայքում հրապարակված արդյունքները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Համաձայն առավոտյան ժամը 05.00-ի տվյալների՝ Նաուսեդան ստացել է 66,72 տոկոս ձայն, իսկ նրա մրցակիցը՝ սեյմի պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն, 33,28 տոկոս։

Ինչպես տեղեկացնում է LRT հեռուստաալիքը, Շիմոնիտեն արդեն շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացել նրան ուժ եւ հաջողություններ ընտրողների ակնկալիքներն իրականացնելու համար։

Լիտվայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի։

Պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարով։ Գրիբաուսկայտեն երկիրը ղեկավարում է երկրորդ ժամկետով եւ երրորդին հավակնել չի կարող։

Նաուսեդան ընտրություններին մասնակցել է որպես անկախ մասնակից։ Նա կարծում է, որ լիտվացիների բարեկեցության պայմանների ստեղծումը պետք է լինի պետության գլխավոր խնդիրը։

Ըստ նրա՝ նախագահ դառնալով նա կձգտի ամրապնդել հարաբերությունները Լեհաստանի հետ եւ հենց այնտեղ կկատարի իր առաջին պաշտոնական այցը։