ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ երկուշաբթի այցելել է կայսերական պալատ Տոկիոյի կենտրոնում, որտեղ հանդիպելու է նոր կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի հետ։ Այս մասին ասվում է Թրամփի Ճապոնիա այցը լուսաբանող լրագրողների հատուկ հարթակի, որի մեջ մտնում է նաեւ ՏԱՍՍ-ը, հաղորդագրությունում։

ԱՄՆ նախագահն առաջին օտարերկրյա առաջնորդն է, որն արժանացել է Ճապոնիայի նոր միապետի ընդունելությանը։ Պալատ մուտքի մոտ Թրամփին եւ նրա կնոջը դիմավորել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակը, ճապոնական կառավարության եւ ամերիկյան պատվիրակության անդամները, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Այնուհետեւ նրանց ուղեկցել են «Բամբուկե դահլիճ», որտեղ սովորաբար կայսրն ընդունում է օտարերկրյա հյուրերին։

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ին եւ Ճապոնիային հաջողվել է կառուցել հիանալի հարաբերություններ այն բանից հետո, երբ մենք տարբեր պատմական իրադարձություններ ենք ապրել, ներառյալ պատերազմը»,- Kyodo գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը Նարուհիտոյի հետ հանդիպման ընթացքում։ Կայսրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին այն բանի համար, որ նա դարձել է առաջին հյուրը իր գահակալությունից հետո։ Թրամփն ու նրա կինը ողջույններ են փոխանակել թագաժառանգ արքայազն Ակիսինոյի եւ արքայադուստր Կիկոյի հետ։

Ընդունելությունից հետո Թրամփը ուղեւորվել է բանակցություններ վարելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։ Ինչպես սպասվում է, կողմերը քննարկելու են իրավիճակը Կորեական թերակղզում, ինչպես նաեւ երկկողմ առեւտրային հարցեր։

Նարուհիտոն կայսեր լիազորություններն ստանձնեց մայիսի 1-ին։ Միաժամանակ Ճապոնիայում սկսվեց Ռեյվայի (Հիանալի ներդաշնակություն) դարաշրջանը, ինչպես կոչվում է նոր միապետի կառավարման դարաշրջանը։