Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է այդքան հաճախ ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ, երբ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ:

«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որեւէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,–նշեց նա։

Աննա Հակոբյանը, ով նաեւ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ասաց, որ իր գործուղումները ավելի շատ են, քանի որ նաեւ այդ հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեությունն է իարականցնում.  «Իմ շրջագայությունը շատ է ստացվում նաեւ, որովհետեւ այդ գործունեությունն եմ վերցրել ինձ վրա։ Օրինակ՝ ԱՄՆ այցը, որի համար ծախսվել էր 10 մլն դրամ, մինչդեռ դրա արդյունքում 755 մլն դրամ էր բերվել Հայաստան»։

Նա հավաստիացրեց, որ ուղղակի ինչ–որ տեղ չի կարող գնալ.  «Ես չեմ կարող ուղղակի որեւէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ մեծ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում: Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել ու ինչ-որ տեղ գնալը մեծ սթրես է եւ՛ ինձ, եւ՛ իր համար: Եթե իմ գնացած տեղը չունենա որեւէ կարեւորություն ու հետադարձ օգուտ Հայաստանի համար, երբեւէ ոչ մի ռեսուրս ոչ թե պետության, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի»։