Աշխարհում  բարդ տնտեսական վիճակը ԵՏՄ անդամ երկրներին չի խանգարում զարգացնել տնտեսությունները: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Նրա խոսքով, այս մասին վկայում են նաեւ  ԵՏՄ շրջանակում տնտեսական ցուցանիշները, տնտեսական աճը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղազախստանում: «Վերջին 14 տարիների ընթացքում Ղազախստանի ներդրումները Հայաստանում կազմել են 50 մլն դոլար: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության մշտական աճ է նկատվում: Եթե 2017 թվականին ապրանքաշրջանառությունը աճել է 2.7 միլիոն դոլարով (մոտ 27 տոկոս), ապա 2018 թվականին այն արդեն աճել է ավելի քան 50-52 տոկոսով: Առաջնահերթություններից մեկը ԵՏՄ շուկայում ապրանքների շրջանառության մոնիթորինգի թվայնացումն է՝ հաշվի առնելով, որ գլխավոր խնդիրներից են տրանսպորտը եւ լոգիստիկան», - նշեց նա:

Դեսպանն ասաց, որ Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներով, մասնավորապես, «Թումո» դպրոցով՝ հույս հայտնելով իր երկրում նրա մասնաճյուղի բացման կապակցությամբ: Ղազախ ներդրողները որոշակի հետաքրքրություն ունեն կոնյակի արտադրության, ոսկերչության, ինչպես նաեւ բենզինային արտադրանքի վերամշակման եւ ներմուծման ոլորտում:

 Տեղեկություն կա, որ 2-3 ղազախական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել հայկական շուկայում բենզինի արտադրանքի մուտք գործելու կապակցությամբ, սակայն դեռ վաղ է խոսել վերջնաժամկետների եւ մտադրության մասին, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հայկական շուկան, որը, ինչպես գիտեք, շատ մեծ չէ, ինչի հետ կապված կարող են  որոշակի դժվարությունների առաջանալ», - հավելեց Ուրազաեւը:

Դեսպանի խոսքով, Հայաստանից Ղազախստան  ներմուծումն ավանդական է, այստեղ եւս մշտական աճ է նկատվում:

«Եթե հայկական ապրանքների արտահանման կառուցվածքը Ղազախստան կայուն է, ապա ղազախական ապրանքների արտահանումը Հայաստան անընդհատ փոփոխվում է, ինչը լավ հիմք է հանդիսանում առանձին  ընկերությունների գործունեության համար, որոնք կարող են երկրների միջեւ ապահովել ավելի սերտ տնտեսական հարաբերություններ», - ասաց նա:

Դեսպանը հայտնեց, որ շուտով Հայաստանում կգործի Ղազախստանի հյուպատոսություն, որը կաշխատի երկու պետությունների միջեւ ուղիղ բիզնես ծրագրերի մշակման ուղղությամբ:

 «Այս տեսանկյունից արդեն որոշակի ուղղություններ են նախանշվել, մասնավորապես` տուրիզմի, ղազախական արտադրանքի ներմուծման ոլորտում (էլեկտրական սարքավորումներ): Բացի այդ, հյուպատոսը կզբաղվի մշակութային եւ հումանիտար համագործակցության զարգացմամբ», - եզրափակեց դիվանագիտական առաքելության ղեկավարը: