Գիտությունն ու քաղաքականությունն իրարից պետք է տարանջատել, նախկինում դրանք ասոցացվել են,  ինչի համար սկսվել են մեղադրանքներ հնչեցնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27–ին ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով հարցի քննարկմանը հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Կոնկրետ անցյալ շաբաթ երկու մեղադրանք եղավ, ինձ մեղադրում էին, որ նախկին համակարգի ներկայացուցչի դեմ քաղաքական հետապնդում եմ սկսում, հրապարակում եղավ նաև այն մասին, որ ինքնահաստատվում եմ՝ նախարարության նախկին աշխատակիցներից  մեկի ատենախոսությունը մերժելով»,–ասաց նա։

Գոգյանն ասաց, որ դեռևս փետրվարին է բարձրաձայնել, որ մանկավարժության, տնտեսագիտության, հոգեբանության, ռոմանագերմանական լեզուների ուղղություններով ատենախոսության գրագողության դեպքեր են առկա, սակայն բուհերի ղեկավարները որևէ կերպ չեն արձագանքել դրան։

Նա նշեց, որ առկա օրենդրական կարգավորումները թույլ չեն տալիս ավելի խիստ պատիժ սահմանել գրագողության համար։

Անդրադառնալով դատավոր Ազարյանի ատենախոսության թեմային, Գոգյանը պատմեց,  որ նախորդ տարվա օգոստոսին  մի գիտնական էր եկել ԲՈԿ ու հայտարարել, ոչ նա գիտի, որ այդ ատենախոսությունն արտագրված է.

«Տեղում նայեց, տեսավ, որ արտագրություններ կան, տեղեկանք ուզեց մեզնից, մենք չտվեցինք, ասեցինք՝ ոչ օֆիցիալ հարաբերություններ են: Դրանից մի քանի օր անց «1in.am»-ից հարցում եկավ, խնդրեցին համեմատել ատենախոսությունները: Մենք պատասխանեցինք, որ համընկնումներ կան, դրանից հետո տևական ժամանակ անցավ և այդ հարցը նորից բարձրացավ»,–ասաց նա՝ նշելով, որ այնպես չէ, որ ԲՈԿ–ից միտումնավոր է ինֆորմացիոն արտահոսք եղել։

ԲՈԿ ղեկավարը նշեց, որ քաջ տեղյակ է, թե նախկինում ով՝ում ատենախոսությունն է գրել և ինչի դիմաց, սակայն երբեք չի բարձրաձայնել այդ մասին։

«Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը,  ապա լավ առիթ էր քննարկելու Տարոն Մարգարյանի ատենախոսությունը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ գիտնականը  չի կարող լինել անազնիվ։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյնաը Գոգյանից  հետաքրքրվեց, թե ո՞րն է այն թույլատրելի կարմիր գիծը, որն անցնելուց հետո համարում են, որ գրագողության փաստ կա։

Գոգյանը օրինակով բացատրեց, թե ինչը կարող է համարվել գրագողություն։

«Պատկերացրեք, մեզնից մեկը Եղիշե Չարենցի արխիվներից մեկը փորփրի և մի անտիպ բանաստեղծություն գտնի և իր ժողովածուում հրապարակի։ Իր 100 բանաստեղծությունների կողքին դնի նաև այդ բանաստեղծությունը և տպի՝ ասի ընդամենը մեկն եմ վերցրել էլի, բնականաբար ոչ ոք դա նորմալ չի համարի»,–ասաց նա՝ նշելով, որ եթե նույնիսկ անձը մի քանի տող ուղղակի վերցնի և արտագրի՝ առանց նշելու աղբյուրը, դա համարվում է գրագողություն։

Հանձնաժողովի անդամներն այսօրվա արտահերթ նիստում քննարկվեցին գրագողության հետ կապված արդի խնդիրները, սակայն կոնկրեռ օրենսդրական հնարավոր լուծումներ չառաջարկվեցին։

Հիշեցնենք, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 27–ին արտահերթ նիստ էր գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։ Արտահերթ նիստ հրավիրելու համար հիմք է հանդիսացել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Բանն այն է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, սակայն NEWS.am–ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը։