Ռուսաստանն արագացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ներսում։ Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը՝ հանդես գալով վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ փոխվարչապետերի հետ խորհրդակցությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Երկու օր հետո՝ մայիսի 29-ին, մենք նշելու ենք Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հնգամյակը, եւ ձեր հանձնարարությամբ (Մեդվեդեւի) մենք ինտենսիվացրել ենք ռոումինգի փուլային վերացման աշխատանքը միության երկրների հետ»,- ասել է Ակիմովը։

Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունիսին չեղարկվել է ռոումինգը Եվրամիության երկրների միջեւ, ինչը դրական դեր է խաղացել ինտեգրման գործընթացներում։

Ակիմովն ընդգծել է, որ ռոումինգի վերացման գործընթացը ԵՏՄ տարածքում երկարատեւ գործընթաց է, եւ կարեւոր է, որպեսզի չտուժեն կապի ռուսաստանցի օպերատորները։ «Առաջին քայլը կդառնա համաձայնագրի ընդունումը միասնական սակագնային տարածքի ստեղծման մասին՝ զանգերի ավարտի սպասարկման շուրջ։ Փաստաթղթի նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը, մշակվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, եւ մենք հույս ունենք, որ այս տարի կհամաձայնեցնենք փաստաթուղթը դրա արագ ստորագրման համար»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Մեդվեդեւը նշել է, որ այդ գործընթացին պետք է «ինչպես հարկն է պատրաստվել» եւ չսահմանափակվել միայն ռոումինգը հանելով։ «Պետք է ընդունել ծառայությունների մատուցման միասնական չափորոշիչներ, ներառյալ ներռուսական ռոումինգի չեղարկումը, ինչպես եւ պատրաստվում է ներդրվել հինգերորդ սերնդի կապը։ Հաշվի առնելով այն, որ մենք գիտակցում ենք միասնական տնտեսական տարածքը, պետք է մտածել նաեւ այն մասին, որպեսզի 5G կապը ի վերջո աշխատի նաեւ Եվրասիական միության ձեւաչափում»,- ասել է վարչապետը։