Պեկինն ու Շանհայը աշխարհի ամենանորարար քաղաքների տասնյակում են։ Այս մասին ասվում է զեկույցում, որը ներկայացվել է Շանհայում տեղի ունեցած «Փուցզյան» նորարարական համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Չժունգո սինվենվանին»։

Զեկույցը պատրաստվել է  այն վարկանիշի հիման վրա, որը կազմվել է Շանհայի հետազոտական ինստիտուտների կողմից՝ Springer Nature հրատարակչական ընկերության հետ համագործակցությամբ։ Վարկանիշը պատրաստվել է 2012-2017 թվականներին աշխարհի ամենաազդեցիկ 82 գիտական հրատարակությունների հրապարակումների ուսումնասիրման արդյունքներով, ներառյալ Nature-ը, Science-ը եւ Cell-ը։ Հավաքված տվյալների հիման վրա հաշվարկվել է այս կամ այն քաղաքի ներդրումը գլոբալ ինովացիայում՝ հաշվի առնելով այն, թե որտեղ է գտնվել հետազոտական կառույցը, որը ներկայացրել է հոդվածի հեղինակը։

Աշխարհի 20 քաղաքներ ներառվել են նրանց ցուցակներում, որոնք դարձել են առանցքային գլոբալ նորարարությունների աղբյուրներ գիտության եւ տեխնիկայի ոլորտում։ Վարկանիշը գլխավորել է Նյու Յորքը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել են Բոստոնը եւ Պեկինը։ Շանհայը յոթերորդն է։ Առաջին տասնյակում են նաեւ Սան Ֆրանցիսկոն, Տոկիոն, Փարիզը, Լոս Անջելեսը, Սեուլը եւ Լոնդոնը։

Ամենաազդեցիկ հետազոտական հաստատությունը վարկանիշում Հարվարդի համալսարանն է։ Պեկինի համալսարանը եւ Ցինհուայի համալսարանը յոթերորդ եւ տասներորդ տեղերում են։ Շանհայի Ֆուդանի համալսարանը եւ Տրանսպորտի համալսարանը 21 եւ 29-րդ տեղերում են համապատասխանաբար։ Ամենամեծ թվով գիտական հայտնագործությունների բաժնում առաջատարը Սան Ֆրանցիսկոն է (12 գիտական հայտնագործություն)։ Պեկինն ու Շանհայը նշված են երեք եւ երկու հայտնագործությամբ։