ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ին հյուրընկալել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնի (MIT) պրոֆեսոր Լեռնա  Էքմեքչիօղլուին, Քլարք համալսարանի ցեղասպանությունների և հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Մելիսա Բիլալին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։

Հանդիպմանը Լեռնա Էքմեքչիօղլուն և Մելիսա Բիլալը ներկայացրել են հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ:

Ուսումնասիրվել է 1860-1960-ական թվականների ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում ակտիվ գործունեության ծավալած 12 հայ կանանց՝ Սրբուհի Տյուսաբի, Ելփիս Կեսարացյանի, Զաբել Ասատուրի (Սիբիլ), Ելփիմե Ավետիսյանի (Անայիս), Զարուհի Գալեմքերյանի, Արշակուհի Թեոդիկի, Մարի Պեյլերյանի, Զաբել Եսայանի, Զարուհի Պահրիի, Հայկանուշ Մառքիի, Վարդուհի Քալանթար Նալբանդյանի, Սիրան Սեզայի կյանքն ու գործունեությունը։

«Ցավոք հայ ժողովուրդը շատ քիչ բան գիտե այս կանանց մասին, մինչդեռ նրանք իրենց ժամանակին հսկայական գործունեություն են ծավալել, բավական մեծ ազգանվեր աշխատանք տարել և պետք է նրանց ճանաչել, նրանց գնահատել ու նրանց օրինակով վարակվել»,- ասել է Լեռնա Էքմեքչիօղլուն։ Հուրիկ Ադդարյանն էլ նշել է, որ ուսումնասիրության վրա աշխատել են բավական երկար ժամանակ և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կազմակերպվել են գիտաժողով և ներկայացրել արևմտահայ կանանց դերակատարումը հայ ազգի վերածննդի հարցում։ «Սակայն այդ ժամանակ երազել անգամ չէինք կարող, որ մի քանի տարի անց մեր ուսումնասիրությամբ կհետաքրքրվի երկրի վարչապետի տիկինն ու մեզ կաջակցի»։

Մելիսա Բիլալն էլ շեշտել է, որ ծանոթանալով Աննա Հակոբյանի գործունեությանը բավական շատ ընդհանրություններ է տեսել Մարի Պեյլերյանի հետ, ով նույնպես բազմաթիվ հոդվածներ է հրապարակել պատերազմի և խաղաղության թեմայով, ինչպես նաև նախորդ դարի սկզբին հանդես եկել «Կինը հանուն խաղաղության» շարժումով։ «Շատ ոգևորիչ են այս ուսումնասիրության արդյունքները։ Դրանք ինձ ոչ միայն ուժ են տալիս, այլև կարծես ամուր թիկունք լինեն և ոգևորեն ինձ իմ գործունեության ընթացքում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով արևմտահայ կանանց գործունեությունը լայն շրջանակներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Աննա Առաքելյանն էլ նշել է, որ Արևելյան Հայաստանում նույնպես կան տասնյակ կանայք, ովքեր հսկայական աշխատանք են կատարել և նրանց կյանքն ու գործունեությունը նույնպես պետք է ուսումնասիրվի և ներկայացվի հանրությանը։

Արևմտահայ կանանց մասին ուսումնասիրություններն արդեն հրատարակվել են անգլերեն և թուրքերն լեզուներով, շուտով նյութերը հասանելի կլինեն նաև համացանցում։ Սակայն ուսումնասիրություն իրականացրած խմբի անդամները ձեռք բերածով սահմանափակվել չեն ցանկանում։ Նրանք առաջարկում են հայոց գրականության և Հայ ժողովրդի պատմության դասագրքերում կատարել փոփոխություններ և կանանց մասին ուսումնասիրությունները ներառել այնտեղ։ Աննա Հակոբյանի առաջարկությամբ նախաձեռնող խմբի անդամները հենց հանդիպման ժամանակ իրենց ծրագրերը ներկայացրել են Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։ Վերջինս շեշտել է, որ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, քանի որ ներկա դրությամբ ընթանում են կրթական և առարկայական չափանիշների փոփոխում։ «Այժմ պետք է հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է այս ուսումնասիրության արդյունքները հասանելի դարձնենք մեր դասագրքերում»,- ասել է Լուսինե Առաքելյանը։ Կողմերը պայմանավորվել են նեղ մասնագիտական հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու հետագա համագործակցության ուղիները։

Ապրիլ ամսին Բոստոն այցի ընթացքում Աննա Հակոբյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնում հանդիպել էր Լեռնա Էքմեքչիօղլուն և Աննա Ալեքսանյանին։ Վերջիններս վարչապետի տիկնոջը ներկայացրել էին ուսումնասիրության արդյունքները՝ խնդրելով աջակցություն Հայաստանում այն դասագրքերում ներառելու հարցում։