Հայաստանի իշխանություններին չի հաջողվի ազդել Ղարաբաղի գործընթացների վրա։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ հայկական երկու հանրապետություններում կարող են  տարբեր մտքեր արտահայտվել, բայց ակնհայտ է, որ մենք բոլորս մեկ նպատակ ենք հետապնդում։ Նա ընդգծել է, որ ցանկացած միջամտություն Ղարաբաղի ներքաղաքական գործերին չի ունենում սպասվող ներգործությունը, ինչը կապված է քաղաքական համակարգի առանձնահատկության հետ, որը ձեւավորվել է ԼՂՀ-ում։ «Այն փաստը, որ Վիտալի Բալասանյանը եւ Մասիս Մայիլյանը, լինելով ընդդիմադիր գործիչներ, իշխանությունում են, ընդ որում՝ դա չի հանգեցնում բախումների, կարող է տարօրինակ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքական իրականության համար, բայց այնտեղ դա փաստ է»,- ամփոփել է Ադիբեկյանը։