ՊՊԾ գնդի գրավման 13-րդ  օրը ՊՊԾ գնդի տարածքի մոտ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ գործով վկա Վահրամ Տեփանոսյանը կողմ է, որ որդու դիակի արտաշիրիմում անեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարաի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա՝ պատասխանելով գործով ամբաստանյալների պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին։

«Հա բա, իհարկե, որ հանկարծ չուզենան բացահայտել, պիտի մարդ բերեմ դրսից՝ Եվրադատարանից, որ գլխին դիպած գյուլլեն ասի, ինչ տրամաչափի է , միանշանակ այո»,–ասաց նա։

Վկան հերթական անգամ պնդեց, որ որդին սպանվել է իր անմիջական հրամանատարի՝ Գուրգեն Եղիազարյանի հրամանով։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից: