Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երեւանում անցկացվող Reinforcement Learning-ի աշխատարանի մասնակիցները հայտնի Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարի ղեկավարմամբ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի արդյունքները:

Reinforcement Learning-ն արհեստական բանականության, համակարգչային գիտության եւ հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է եւ զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ եւ դրանից փորձառության ձեռքբերմամբ:

Աշխատարանի ավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ եւ ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

«Կարծում եմ, Թումոն հիանալի գաղափար է։ Երբ ես դպրոցական էի, չգիտեի, թե ինչ եմ ուզում եւ շատ բաներ ինձ համար հասանելի չէին։ Իսկ Թումոյում աշակերտները տարբեր ոլորտներ են ուսումնասիրում առանց որեւէ ճնշման եւ ընտրում են այն ոլորտը, որն իրենց իսկապես հաճելի է։ Նաեւ շատ զարմանալի է, թե ինչ հեշտությամբ են այս երեխաները սովորում Python-ի կամ TensorFlow-ի նման բարդ բաները, որոնք համալսարաններում են դասավանդվում։ Ես ինքս էլ Python եւ մեքենայական ուսուցում ուսումնասիրել եմ համալսարանում», - նշեց Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:

«Միշտ հաճելի է տեսնել երիտասարդների հաջողությունները եւ համոզվել, որ նրանք նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում եւ կարողանում են դրանք կիրառել։ Մենք ուրախ ենք մասնակից լինել այս նախագծին եւ երջանիկ ենք այստեղ տեսնել այս հիանալի փորձագետին, ով երիտասարդներին կփոխանցի ժամանակակից եւ առաջատար ընկերությունում աշխատելու փորձը, կոգեշնչի ու կհուշի, ինչպես կարելի է հաջողության հասնել այսօրվա թվային աշխարհում», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: