Մայիսի 29-ին Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մի խումբ անդամների, ովքեր ներկայացնում են դաշնային եւ երկրամասային խորհրդարանները: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերն՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է նաեւ Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները եւ հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը:

ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն խմբի անունից երախտագիտություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ իրենց ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում եւս կաշխատեն Արցախի եւ Գերմանիայի միջեւ կապերի խորացման ուղղությամբ:

Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետեւ շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության եւ եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին:

Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: