Այսօր Թբիլիսիում ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի:

Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Ազատություն Մուխթարլիին», «Հետաքննողի գինը 2 մլրդ դոլար է» եւ այլ գրություններով:

Ինչպես հայտնում է contact.az-ը, Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում 2017 թվականի մայիսին տարօրինակ հանգամանքներում: Հաջորդ օրը նրան ձերբակալել էին Ադրբեջանում: Լրագրողը հայտնել է, որ իրեն առեւանգել են Թբիլիսիում, կտտանքների ենթարկել եւ ստիպողաբար տեղափոխել Ադրբեջան ու ձերբակալել: Սահմանն անցնելիս նրա գրպանում 10 հազար եվրո են գցել: Պաշտոնական մեղադրանքում ասվում է, որ նա անօրինական հատել է սահմանն ու փորձել 10 հազար եվրո տեղափոխել:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ակցիայի նպատակը Մուխթարիլիի գործի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է: Նրաք Վրաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել վերջ դնել Աֆղանի անօրինական ձերբակալությանն ու ազատ արձակել նրան:

Վրաստանի իշխանությունները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացել են ակցիայի մասին: Ակցիան առանց միջադեպերի է անցել: