El Confidencial հրատարակության լրագրող Էթել Բոնեն այցելել է Ղարաբաղ եւ իր տպավորությունները ներկայացրել «Անտեսանելի երկրի մոռացված ֆուտբոլիստները. ինչպես ապրել չճանաչված պետությունում» հոդվածում:

Հեղինակն իր հոդվածը սկսում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում հանդիպմանը չմասնակցելու փաստի հաստատումից՝ Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի թշնամական վերաբերմունքի պատճառով:

Հեղինակը նշում է, որ Լեռնային Ղրաբաղի հակամարտության հետեւանքով մահացել է ավելի քան  30 հազար մարդ եւ վերքը չի ապաքինվել: Ավելի քան քառորդ դար հրադադարի ավարտից հետո խաղաղ բանակցությունները դեռեւս փակուղում են:

«Ղարաբաղի մարզը ստեղծվել է խորհրդային շրջանում Ադրբեջանի սահմաններում, որտեղ ապրել է քրիստոնյա հայերի մեծամասնությունը եւ մուսուլմանական փոքրամասնությունը:

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, փոքրիկ տարածաշրջանը անկախություն հռչակեց: Այդ ժամանակվանից Ադրբեջանը հավակնում է այդ տարածքին եւ աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչում այն», - նշում է հեղինակը:

Իր խորհրդային անցյալը մոռնալաու համար Լեռնային Ղարաբաղը 2017-ին վերադարձրեց  հայկական Արցախ պատմականանվանումը: Հայաստանի հետ նույնական կապերն այնքան ուժեղ են, որ նրանց ազգային դրոշի գույները նույնն են սպիտակ գծի տարեբրությամբ, որը խորհրդանշում է առանձին տարածքը:

 «Արցախի Հանրապետությունը զգում է, որ այն գտնվում է Ադրբեջանի հետ էքզիստենցիալ պատերազմում: 13 տարեկանում դպրոցում երեխաները  սովորում են հավաքել եւ քանդել հրացան, իսկ 15-ում հստակ հասկանում են, որ ցանկանում են ծառայել իրենց երկրին», - ընդգծում է հեղինակը:

«Փաստը, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է աշխարհաքաղաքական անորոշության մեջ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, անկախության եւ միջազգային չճանաչման միջեւ, Լեռնային Ղարաբաղը ուրույն տեղ է դարձնում։ Դա պետություն է դե ֆակտո, որն անտեսվում է միջազգային հանրության կողմից, ապրում է շնորհիվ քաղաքական եւ տնտեսական համագործակցության Հայաստանի հետ։ Ստեփանակերտն աշխատում է ինչպես ցանկացած այլ եվրոպական մայրաքաղաք՝ պետական հաստատություններով, պետական հեռուստատեսությամբ, պետական համալսարանով եւ միջազգային օդանավակայանով։ Բայց առաջընթացի կամ զարգացման ցանկացած փորձ սահմանափակվում է նրա չճանաչված սահմաններով»,- գրում է հոդվածի հեղինակը. «Ղարաբաղի համար պայքարը միշտ գոյատեւելու հարց է եղել, բայց հիմա շատ երիտասարդներ երազում են այլ ապագայի մասին. նրանց սերունդը կդնի միջազգային ճանաչման հիմքը»։

Հոդվածի հեղինակի հետ զրույցում Արցախի պետական համալսարանի ուսանողները, որը 50-ամյա պատմություն ունի, որտեղ սովորում է 2600 ուսանող, ասել են, որ չնայած ուսուցման լավ որակին՝ բուհի վկայականը չի ճանաչվում Արցախի եւ Հայաստանի սահմաններից դուրս։ 16-ամյա Գառնիկ Գալստյանը ձգտում է ապագա լիդեր դառնալ, ուստի լի է վճռականությամբ՝ ընդունվելու քաղաքագիտության ֆակուլտետ բանակում ծառայությունից հետո. «Ես մտահոգ եմ մեր պետության տնտեսությամբ եւ ենթակառուցվածքի զարգացմամբ։ Մեզ հարկավոր է առաջընթաց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններում, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել։ Պետությունները պետք է լսեն մեզ, բայց Ադրբեջանը նավթ ունի, իսկ մենք՝ լեռներ»։