Ներկայացված օրինագծի շնորհիվ կհստակեցվի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը: Մայիսի 30-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Դրա հետ մեկտեղ նրա խոսքով բուհերի ուսանողները, որոնք որոշել են օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրից բանակից տարկետում կստանան բակալավրիատում ուսումը շարունաակելու համար:

«Միեւնույն ժամանակ նրանք ռազմական դասընթացներ կանցնեն: Ուսման ավարտին նրանց կշնորհվի լեյտենանտի կոչում եւ նրանք 2 տարով զինվորական ծառայության կմեկնեն», - պարզաբանեց Բալայանը:

Ծառայության ընթացքում այդ զինծառայողներին աշխատավարձ կտրվի: Զինվորական ծառայության ավարտից հետո նրանք ֆինանսական աջակցություն կստանան մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: