Հյուսիս—Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերությունները չեն վճարչվել  իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերության կողմից, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ խոսելով Հյուսիս–Հարավի Աշտարակ–Ուջան ճանապարհահատվածում բողոքի ցույց անող շինարարական ընկերությունների մասին, որոնք պահանջում են վճարել սեպտեմբերից չվճարված գումարները։

«Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից։ Հիմնական կապալառուն «Կորսիան Կորվիամ» ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2–ի հիմնանորոգման աշխատանքները, աշխատանքներերը սակայն երկար ժամանակ է դադարեցված են, կան անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունը իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանը արվել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին»,–նշեց փոխնախարարը։

Հարցին՝ նախարարությունը ինչ լուծումներ է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, նա պատասխանեց. «Մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում են լուծումներ գտնել։ իսպանական ընկերության հետ քննարկումների ժամանակ ենթակապալառուների վճարումնը օրակարգի առաջին տեղում է եւ նախապայմանն է»։

Փոխնախարարը մանրամասնեց, որ «Կորսիան Կորվիամ» ընկերությունը սնանկության գործընթացում է գտնվում.  «Իսպանական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով հարցին լուծում տալ Սնանկության գործընթացը 2 տարի է, ինչ կա, նոր չէ։ Անցած տարիվա ընթացքում որոշակի աշխատանքներ արել են, մենք վճարել ենք»։

Տրանշ 2-ի շինարարության ավարտը նախատեսված էր 2019–ի հուլիսին եւ ըստ էության չեն հասցնի իրականացնել, սակայն, փոխնախարարի խոսքով, հիմնական շահագրգռվածությունը, որ շարունակեն իսպանական ընկերության հետ պայմանագիրը, կապված է այն հանգամանքի հետ, որ եթե խզեն պայմանագիրը, երկար վեճի՝ արբիտրաժային փուլ կսկսի, հնարավոր է՝ 2-3 տարի նոր կազմակերպություն չներգրավվի։