Ցանցում հայտնվել է նոր Kia քրոսովերի լուսանկարը, որը հարավկորեական ապրանքանիշների շարքում գտնվում է Soul-ի եւ Sportageի միջեւ։ Ամերիկյան շուկայում մոդելը կստանա Seltos անվանումը, տեղեկացնում է Motor-ը։

Հայտնի է, որ Kia Seltos-ը կվաճառեն Ռուսաստանում, բայց, հնարավոր է, այլ անվանմամբ։ Դիզայնը հիմնված է Kia SP Signature կոնցեպտի վրա, որը ներկայացրել են Սեուլի ավտոսրահում այս տարի, եւ ցուցադրում է Kia գլոբալ մոդելների ոճը։ Seltos-ը կունենա բազմասեկցիոն լուսադիոդային լապտերներ, «անտեսանելի» հետին կանգնակներ մետաղական դեկորով եւ երկգույն թափք։

Seltos-ի երկրպագուներն են լինելու միլենիալները, մարդիկ, որոնք ծնվել են 1981-ից հետո։ Նրանց կհրապուրի «արդի դիզայնի, կոմպակտ չափսերի եւ ընդարձակ սրահի համակցումը»։ Քրոսովերի սրահում կտեղակայվի 10,25 մատնաչափ կենտրոնական դիսփլեյ, արտադրողը խոստանում է դեկորի բարձրորակ նյութեր եւ ոճային տարրեր, ինչպես նաեւ Sound Mood Lighting նոր համակարգ։

Kia Seltos-ի վաճառքը Հարավային Կորեայում կսկսվի մինչեւ տարեվերջ։ Հետո մոդելը դուրս կգա այլ շուկաներ։ Բայց այն Եվրոպայում ներկայացնել Kia-ն չի ծրագրում։