Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող այսպես կոչված «Թաթ» հակաահաբեկչական ցամաքային եւ օդային գործողությունը հետապնդում է երկու նպատակ. խոչընդոտել Քրդական աշխատավորական կուսակցության ամրապնդմանը եւ կենսագործել Քեմալ Աթաթյուրքի վաղեմի երազանքը՝ «Թուրքական ազգային ուխտը», որն ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին Պատգամավորների պալատի կողմից Կոստանդնուպոլսում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ազգային ուխտի» շրջանակում թե՛ Իրաքի հյուսիսը Մոսուլի հետ միասին, թե՛ Սիրիայի հյուսիսը, ներառյալ Հալեպը, պետք է մտնեին Թուրքիայի կազմի մեջ։ Վերջին ժամանակներս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը քանիցս ասել է այն մասին, որ իրենց նպատակը Քեմալ Աթաթյուրքի ծրագրերի իրականացումն է, որոնք նրան չի հաջողվել կենսագործել»,- նշել է պատմաբանը։

Դրանով իսկ, թյուրքագետի խոսքով, արդի Թուրքիայի ղեկավարության նպատակը երկրի սահմանների ընդլայնումն է մինչեւ այն մասշտաբները, որոնք նշված են «Ազգային ուխտում»։

Սաֆրաստյանը հիշեցրել է, որ  թուրքական բանակն իրականացնում է պարբերական ներխուժումներ ինչպես Իրաք, այնպես էլ Սիրիա, իսկ ներկայում թուրքական ԶՈւ-ն գտնվում է Սիրիայում եւ մտադիր չէ դուրս գալ այդ երկրից, եւ պատրաստում է երրորդ ներխուժումը. «Չի բացառվում, որ պատմությունը կկրկնվի նաեւ Իրաքում, որտեղ Սիրիայի օրինակով թուրքական զորքերը կմնան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»։

Այնինչ, միջազգային հանրությունը, թյուրքագետի խոսքով, չնայած տարածաշրջանում շահերի առկայությանը, մատների արանքով է նայում Թուրքիայի գործողություններին Իրաքում եւ Սիրիայում։ «Զորքեր մտցնելով Սիրիա՝ Թուրքիան խախտել է ինքնիշխան պետության միջազգային իրավունքը, բայց ոչ մի երկիր չի բարձրացրել այս հարցը, այդ թվում ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը։ Դա նշանակում է, որ Թուրքիան հերթական անգամ օգտագործել է գերտերությունների միջեւ տարաձայնություններն իր օգտին։

Մայիսի 27-ին Թուրքիան սկսել է ցամաքային եւ օդային հակաահաբեկչական գործողությունն Իրաքի հյուսիսում։ Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ «Թաթ» գործողության շրջանակում, հրետանային մարտկոցների եւ օդային հարվածների հետեւից, օդադեսանտային բրիգադներն Իրաքի հյուսիսում սկսել են գործողությունն ընդդեմ ահաբեկիչների։ Գործողությանը մասնակցել են АТАК ուղղաթիռները։ Գործողության նպատակը Հաքուրք շրջանում ինչպես ահաբեկիչների, այնպես էլ նրանց թաքստոցների չեզոքացումն է»։

Թուրքիան օգտագործում է հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներն Իրանի դեմ

«Հայտարարելով այն մասին, որ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գործողության գոտուց դուրս են, դա Թուրքիայի կողմից պարզունակ խորամանկության դրսեւորում է։ Ըստ էության, սպառազինություն ձեռք բերելուց հետո թուրքական ԶՈւ-ն ցանկացած ժամանակ կարող է փոխել դրանց լոկացիան, եւ դրա կիրառման համար անգամ տեղը փոխելը պարտադիր չէ»,- նշել է թյուրքագետը։

«Հարյուր տարի առաջ Թուրքիան կարողացավ օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից՝ Արեւմուտքի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ հակասություններից, որը զիջումներ արեց Թուրքիային։ Հիմա Էրդողանը խաղում է ԱՄՆ եւ Ռուսաստանի հակասությունների վրա ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների եւ Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցում։ Թուրքիայի նման գործողությունները վտանգավոր են ինչպես երկրի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան անպայման կօգտագործի ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներն Իրանի դեմ։

Ներկայումս ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից սպառազինությունների ձեռք բերման հարցում Թուրքիան, ըստ թուրքագետի, դիմում է դիվանագիտական խորամանկության. ի սկզբանե հայտարարվել էր, որ ռուսական С-400-ը կմատակարարեն այս տարվա հունիսին, այժմ սակայն Անկարան հայտարարում է, որ զենիթահրթիռային համալիրները կմատակարարվեն հուլիսին:

«Թուրքիան այս ամիսն օգտագործում է ամերիկյան կողմի հետ բանակցելու համար: Չնայած ակնհայտ հակաամերիկյան հռետորաբանությանը եւ ռուսական կողմի հետ բարեկամությանը պաշտոնական Անկարան ետնաբեմային խաղ է վարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետ, որի նպատակն է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը հայտարարել էր, որ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիայում կտեղակայվեն ռուսական զենիթահրթիռային C-400 համալիրների գործողության գոտուց դուրս: Ըստ նրա, C-400-ը եւ F-35-ը կտեղադրվեն երկրի երկու կոնկրետ վայրերում:

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստեղծել Ս-400-ների վերաբերյալ աշխատանքային խումբ։ Թուրքիան արդեն ասել է, որ չի հրաժարվի գնել Ս-400-ներ, եւ որ առաջին խմբաքանակը ստանալու է հուլիսին։

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչներին, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման պարագայում եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային F-35  նորագույն ինքնաթիռներ վաճառել։ Թուրքիան ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից է F-35  ինքնաթիռների գծով։ Թուրքիայում քանիցս ասել են, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ներին։