«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունների աշխատակիցները այսօր՝ մայիսի 31-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:

Շինարարական կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունում այսօր քննարկում է եղել, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամանակավորապես դադարեցնել բողոքի գործողությունները. «Մեկուկես ամիս հետո եթե չլինեն մեր համար ցանկալի լուծումներ, հնարավոր է, որ բողոքի ակցիաները շարունակվեն»:

Նշենք, որ այսօր կառավարությունում քննարկում է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Տիգրան Ավինյանի խորհրդական Վարագ Սիսեռյանի միջեւ։

Ըստ իրավաբանի՝ քննարկումը կողմերի միջեւ կառուցողական բնույթ է կրել. «Մեր առաջարկությունը հետեւյալն է, քանի որ կառավարությունն ունի պարտավորությունների վերաբերյալ խնդիրներ կամ հարցեր «Կորսան Կորվիամ»-ի հետ, մենք առաջարկեցինք, որ մեզ փորձեն տարանջատել այդ խնդիրների մեջ ներգրավվելուց, գտնեն միջոցներ, որպեսզի կառավարությունն ուղղակի կամ անուղղակի ձեւով կատարի վճարումները շինարարությունն իրականացնող կազմակերպություններին», - ասաց Արմեն Սաքապետոյանը եւ ավելացրեց, որ իրենք այս օրերին դադարեցնելու են բողոքի ակցիաները:

«Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ այս ընթացքում պետք է սպասենք կառավարության գործողություններին, եթե մեկուկես ամիս հետո, եթե չլինեն մեզ համար ցանկալի լուծումներ, ապա հնարավոր է, որ բողոքի ակցիաները շարունակվեն»,- հայտարարեց իրավաբանը եւ նշեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ կառավարությունը նեցուկ լինի տեղական կազմակերպություններին, որպեսզի պարտքերը վճարվեն կա՛մ բյուջետային, կա՛մ ծրագրային միջոցների հաշվին.

«Կառավարությունը միգուցե ունի պարտավորություններ «Կորսանի» հանդեպ, միգուցե՝ չունի: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ եթե կան պարտավորություններ կամ չկան, դա ձեր բանակցությունների արդյունքն է»,- ասաց Սաքապետոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ի առավոտից Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել էին ճանապարհը եւ բողոքի ակցիա էին իրականացնում:

Այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում էին վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարները:

Բողոքի ցույցին մասնակցում էին շինարարական 19 ընկերություններ, որոնք իրականացրել են Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությունը: