Մինսկի եւ Երեւանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2019-ի 4 ամսում ավելացել է 30 տոկոսով։ Այս մասին Ծաղկաձորում հունիսի 1-ին «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ ներդրումային հարցերի գծով ավագ խորհրդական Դմիտրի Սեմենովիչը։

Նրա խոսքով՝ առեւտրի աճի դրական դինամիկան երկրների միջեւ շարունակվում է երկար տարիներ։

«Առեւտրի ծավալը 2017-2018 թվականների արդյունքներով աճել է 1,6 անգամ՝ անցնելով 50 մլն դոլարը»,- նշել է նա։

Դմիտրի Սեմենովիչը վստահություն հայտնեց, որ խոչընդոտների հաղթահարումը, մասնավորապես, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, այդ թվում ԵՏՄ շրջանակում, կարող էր հանգեցնել էլ ավելի տպավորիչ արդյունքների։

«Բելառուսը պատրաստ է Հայաստանի հետ իրականացնել ծրագրեր վերելակների, ուղեւորատար եւ գյուղտնտտեխնիկայի  արտադրության  ուղղությամբ»,- ասել է նա։

Անդրադառնալով ԵՏՄ երկրների միջեւ առեւտրի ցուցանիշներին՝ Սեմենովիչն ասաց, որ առեւտրի ծավալը 2017-ին աճել է 27,4 տոկոսով, 2018-ին՝ 9,2 տոկոսով։

Նշենք, որ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը Ծաղկաձորում տեղի է ունենում «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» հինգերորդ բիզնես-համաժողովը։