Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաներին եւ նրանց ծնողներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաների իրավունքների պաշտպանությունը համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը՝ ես մեծապես կարեւորում եմ, որ մենք ողջ տարին պատշաճ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքներին՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին:

Ուստի, առաջարկում եմ ստորեւ ծանոթանալ ԱՀ ՄԻՊ կողմից 2018թ. կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթին մասնակից լուսանկարներին եւ դրանց նկարագրություններին:

Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան:

Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետեւ նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երեւում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետեւից՝ գիրքը թեւի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա:

Հեղինակ՝ Անրի Շահնազարյան

Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ , ունենան հավասար իրավունքներ : Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով , չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք եւ իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում:

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը եւ մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում:

Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավիրել եւ սպանել…..

Ես երազում եմ ապրել խաղաղության եւ համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից,կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ եւ երջանիկ:

Եվ ես ունեմ դրա ԻՐԱՎՈՒՆՔԸ…

Ունեմ նաեւ իրավունք չտեսնել պատերազմ, սիրել եւ սիրված լինել իմ հարազատների կողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով:

ԵՎ ԵՍ ՈՒՆԵՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ….

Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ, իսկ տեսանյութերին՝ այս հղմամբ:

Վերջին լուսանկարը մրցույթի ամփոփիչ միջոցառումից է. մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները՝ ԱՀ Մարդու իրավունքների երկրորդ եւ երրորդ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի եւ Արտակ Բեգլարյանի հետ»: