Ուրախ խաղեր, անիմատորներ, հանելուկներ, երգ, պար, պաղպաղակի ու քաղցրավենիքի անվճար հյուրասիրություն` ուրիշ է՞լ ինչ է պետք երեխաներին երջանիկ ու անհոգ օր ունենալու համար: Այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, all.me թվային ցանցն ու Թովմասյան բարեգործական հիմնադրամը մանուկների օրն իսկական տոնի էին վերածել Dvin Music Hall-ի տարածքում կազմակերպված միջոցառմամբ, որին ներկա էին մի շարք մանուկներ:

Ուրախ տոնակատարության նպատակն էր երեխաների օրը դարձնել էլ ավելի գունեղ եւ հիշարժան` հավասար հարթակ ստեղծելով բոլոր մանուկների համար. «all.me թվային ցանցն ու Թովմասյան բարեգործական հիմնադրամը որոշեցին համատեղ գեղեցիկ միջոցառում կազմակերպել հունիսի 1-ի կապակցությամբ: Առհասարակ, եւ all.me ցանցը, եւ հիմնադրամը բարեգործական միջոցառումներ հաճախ են իրականացնում: Այս միջոցառմամբ ցանկանում ենք, որպեսզի բոլոր երեխաները անհոգ ու խաղաղ մանկություն ունենան, որպեսզի նրանց յուրաքանչյուր օրն այսօրվա նման լի լինի ժպիտներով, ուրախությամբ, երգով ու պարով: Մենք նաեւ կարեւորում ենք, որ երեխաները մեծանան այնպիսի հասարակության մեջ, որտեղ հավասար պայմաններ ստեղծված կլինեն թե նրանց կրթության, թե հանգստի ու ժամանցի համար: Կցանկանայինք շնորհակալություն հայտնել նաեւ Dvin Music Hall-ի ամբողջ անձնակազմին` միջոցառմանն աջակցելու համար»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց all.me ընկերության քոնթենթ մարքեթինգի ղեկավար Սոնա Ավետիսյանը:

Թովմասյան հիմնադրամի հիմնադիր և պատվավոր նախագահ Սուսաննա Թովմասյանը բարեմաղթանքներ հղեց հավաքված հյուրերին և մանուկներին ցանկանալով նրանց առողջություն, անամպ երկինք և անհոգ մանկություն:

Տոնակատարությունը մեկնարկել էր այսօր առավոտվանից եւ տեւեց մինչեւ կեսօր: NEWS.am-ի տեսախցիկն ու ֆոտոխցիկը ֆիքսել են միջոցառման ամենաուրախ դրվագները:

 Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում