Այսօր ամփոփվել է Երեւանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ ավագ դպրոցների աշակերտներ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, եւ հաջողվածներից մեկն է «ԴասԱ-ն։ «Կարծում եմ՝ ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից. մենք արձագանքներ ենք ստանում դպրոցներից՝ տնօրեններից եւ ուսուցիչներից, որոնք մասնակցել են «ԴասԱ-ի թե՛ դասախոսական հատվածին, թե՛ համերգներին։ Սա կրթության մատուցման այն ձեւն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ։ Մենք 21-րդ դարի աշակերտին պետք է կրթությունը մատուցենք նրան հաճելի գործիքներով»,-նշել է նախարարը՝ընդգծելով, որ այս նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները վաղ տարիքից կարողանան հաղորդակցվել բարձր արժեքների հետ։

«ԴասԱ-ն թույլ է տալիս այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի պատանին ավելի հաճույքով գնա համերգասրահ, եւ իր համար դասական երաժշտությունը հարազատ ու հասկանալի լինի»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝հավելելով, որ կազմակերպիչների հետ կքննարկեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի համապատասխան շտկումներ արվեն՝ հետագայում ԴասԱ-ն աշակերտների համար է՛լ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար։

Արայիկ Հարությունյանը նաեւ հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա։ Նա հիշատակել է այն փաստը, որ միջազգային մամուլը նույնպես հետաքրքրվել այս նախագծով՝ շեշտելով, որ Հայաստանը ստեղծում է այնպիսի պրոդուկտներ, որոնք նորություն են ավելի զարգացած կրթական համակարգ եւ ավելի մեծ մշակութային հնարավորություններ ունեցող երկրների համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ երեխաներին հղված ուղերձը եղել է այն, որ դասական երաժշտությունը կարող փոխել նրանց կյանքի որակն ու աշխարհայացքը։ Սերգեյ Սմբատյանը կոչ է արել ծրագրին մասնակից աշակերտներին դառնալ դասական երաժշտության տարածողն իրենց շրջապատում։ Նա խոսել է նաեւ հայաստանցի եւ արտասահմանցի անվանի երաժիշտների մասին, որոնք ԴասA-ի շրջանակում դասախոսություն են կարդացել` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հովհաննես Չեքիջյան եւ այլք։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ հատկապես արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտները, ում հետ հաճախ զրուցում է ԴասԱ-ի մասին, չեն պատկերացնում, որ Հայաստանում իրականացվում է կրթական այնպիսի նախագիծ, որը միտված է երեխաներին տալ գիտելիք՝ դասական երաժշտության մասին:

Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները ծրագրի մասին՝ հարցեր ուղղելով նախարարին եւ, դիրիժորին։ 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Պետրոսյանը նշել է, որ շատ տարիներ առաջ լսում էր դասական երաժշտություն, եւ ԴասԱ-ն նպաստեց, որպեսզի արթնանա գեղեցիկ երաժշտության իր նախասիրությունը։ «Դուք օգնեցիք ինձ գտնել մարդուն եւ բնությանը կապող օղակը դասական երաժշտությամբ»,- նշել է Թամարա Պետրոսյանը։

ԴասԱ-ն 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում մուտք է գործել Երեւանի 35 ավագ դպրոցներ՝ ընդգրկելով 10-12-րդ դասարանների ավելի քան 13500 աշակերտների։ Նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում։ Հետադարձ կապը ԴասA-ի մասնակիցների հետ ցույց է տվել, որ ծրագրի արդյունքում ավելի քան 2000 աշակերտ վերադարձել է համերգասրահ: Եվ հաշվի առնելով բազմաթիվ դիմումները մարզային դպրոցներից՝ մայիսի 28-30-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն այցելել է Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի մարզեր՝ հանդիպելով Չարենցավան, Գավառ, Արամվիր, Աշտարակ, Դիլիջան քաղաքների աշակերտների հետ եւ ներկայացնելով «ԴասA» նախագիծը։ Ի դեպ, ԴասԱ-ի առաջին փուլի ամփոփիչ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ «Օտրի տրիո» անսամբլը:

Հիշեցնենք, որ ԴասԱ-ն անցկացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով: