Վերջին օրերի ընթացքում Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել ութերորդ ֆրանսիացուն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքին:

«Այսօր (կիրակի-խմբ.) իրաքյան դատարաններից մեկը դատապարտել է մահապատժի ութերորդ ֆրանսիացուն, որը ներառված է ԻՊ խմբավորման կազմում»,-հայտնել է աղբյուրը:

Աղբյուրը նաեւ հավելել է, որ ներկայումս ընթանում է իններորդ ֆրանսիացու նկատմամբ դատավարությունը:

Մայիսի 26-ին «Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնել է, որ Իրաքում երեք ֆրանսիացիներ դատապարտվել են մահապատժի ԻՊ-ին պատկանելու համար: Նշվել է, որ խոսքը վերաբերում է Քեւին Գոնոյին, Լեոնար Լոպեսին եւ Սալամ Մաչուին: Նրանք բերման էին ենթարկվել Սիրիայում արաբա-քրդական միության կողմից:

Իրաքի օրենքների համաձայն՝ նրանք ունեն 30 օր դատավճիռը բողոքարկելու համար: