Բոլորին զգուշացված է եղել, որ որեւէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել:

«Դուք իրեն հարցրեք, ինքը կպատասխանի: կոռեկտ չի լինի, որ ես ասեմ: Եթե խմբակցության մասին լիներ, ես կհայտարարեի»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունը, իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դրա համար ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել, որ որեւէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի: Խմբակցություն է, որտեղ պետք է քննարկվի եւ ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպես հայտարարություն անի»: