Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն առանձնահատուկ շուքով նշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), քանի որ 2019 թ.-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, իսկ ապա՝ նաեւ լապտերների օգնությամբ պատկերեցին ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:

Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեան քանդակների պարտեզում պատրաստեցին ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:

Այցելուներին նաեւ հնարավորություն ընձեռվեց մասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները եւ միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:

Շնորհավորելով երեխաներին՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը: Մեր երկարատեւ համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր եւ հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը եւ պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով եւ լիարժեք ապագայի գրավականն է, հետեւաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է», - նշեց Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ ավելի աշխուժացրեց տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվեց ճոխ հրավառությամբ:

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր: