Աշգաբադում ԱՊՀ անդամ երկրների Վարչապետների խորհրդի նիստի նախօրեին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Էլեոնորա Միտրոֆանովան NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Համագործակցության երկրների Ինովացիոն համագործակցության ծրագրի հաջողությունների մասին:

Ավարտվում է ԱՊՀ երկրներում Ինովացիոն զարգացման միջպետական ծրագրի առաջին փուլը: Արդյոք ձեռք բերվե՞լ է ծրագրի հիմնական նպատակը:

Ավելի ճիշտ՝ ավարտվում է ԱՊՀ անդամ պետությունների բուն Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագիրը, որն ընդունվել էր մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար: Մեր առջեւ դրած հիմնական խնդիրը ինտեգրված միջպետական տարածքի ստեղծումն էր, որտեղ զարգանում են ազգային ինովացիոն համակարգերի հնարավորությունները, եւ այս ուղղությամբ շատ բան է արվել: Ծրագրի նպատակն ավելի գլոբալ էր՝ պայմաններ ստեղծել ԱՊՀ անդամ պետությունների տնտեսությունների գլոբալ մրցունակության բարձրացման, սոցիալական ուղղվածությամբ ինովացիոն ակունքում դրանց փոխակերպման համար, օգնել երկրների ինովացիոն զարգացման առաջնայնություններն այնպես իրականացնել, որպեսզի դա համապատասխանի նրանց տնտեսական ռազմավարություններին: Այս վիթխարի աշխատանքը հաջողությամբ սկսվել է եւ կշարունակվի:

ԱՊՀ 9 երկրներում Ծրագրի իրականացման ճանապարհին ինչպիսի՞ դժվարություններ եւ ստորջրյա խութեր կային:

Ծրագրին մասնակցում է ԱՊՀ 8 երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Տաջիկստանը: Անդամ երկրները ինովացիոն ոլորտում գործունեության կազմակերպման շատ տարբեր մոտեցումներ ունեն, ուստի ոմանց հեշտ է միմյանց հետ պայմանավորվել, ոմանց՝ ավելի դժվար: Բայց Գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդը (ԳՏԻՀՄԽ) ավելի հաճախ է գումարում միջպետական խորհուրդ ԱՊՀ գործկոմի խորհրդակցական մարմինների համակարգերի ներսում, մենք միանգամայն հաջողությամբ ենք պայմանավորվում եւ կարողացել ենք շատ բան անել ե՛ւ ԳՏԻՀՄԽ-ի ներսում, ե՛ւ ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում:

Ծրագիրն իրականացվել է տարբեր ուղղություններով, որո՞նք են ամենահաջողվածները:

Մեզ հաջողվել է զգալիորեն առաջ ընթանալ ինովացիոն ոլորտում միջպետական կոոպերացիայի զարգացման գործում. հիմա ստեղծվում է բարձրճշգրտության սարքավորումների հավաքական օգտագործման կենտրոնների ցանց, կան ինովացիաների կոմերցիալացման ցանցի մշակումներ: Ծրագիրը շատ մեծ է, եւ ամենուր կան որոշակի ճեղքումներ: Որոշ երկրներում հաջողվել է ավելին անել կադրերի պատրաստման ոլորտում, մյուսներում՝ նոր նախագծերի մշակման որակի բարելավման, սթարթափեր թեմայի առումով եւ այլն: 

Այս աշխատանքը, որը համատեղ կատարել են ծրագրի օպերատորը, «Սկոլկովո» հիմնադրամը, նաեւ ազգային պատվիրատուները, ազգային շփման կենտրոնները, բարձր է գնահատվել Ծրագրի անդամ պետությունների կառավարությունների կողմից: Ուստի մայիսի 31-ին ԱՊՀ անդամ պետությունների Վարչապետների խորհրդի նիստում որոշում ընդունվեց այս աշխատանքը շարունակելու եւ մինչեւ 2030 թվականը ինովացիաների նոր ծրագրի մշակման մասին:

Միջպետական ծրագրի իրականացման առումով ինչպիսի՞ն են Հայաստանի հաջողությունները։

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Նորարարական զարգացման միջազգային ծրագրին։ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնն առաջինն է ընդունել կողմնորոշիչ խորհրդակցությունը հանրապետության ազգային կոնտակտային կենտրոնում՝ պրոֆիլային խմբերի ձեւավորման վերաբերյալ, հետո փորձնական աշխատաժողովների նման շարքեր տեղի ունեցան նաեւ Համագործակցության այլ երկրներում։ Ավանդական դարձավ «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական դպրոցը, որը Երեւանում «Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագրի շրջանակում անցկացվեց արդեն հինգերորդ անգամ։ Շնորհիվ Հայաստանում Միջպետական ծրագրի ստեղծվել է այնպիսի վառ նախագիծ, ինչպիսին է «Իմ դպրոց»-ը՝ կրթական ռեսուրս, որին միանում են դպրոցները, աշակերտներն ու ծնողները, որպեսզի եզակի հնարավորություն ստանան արտադասարանային ուսուցման համար։ Նախագիծը նախաձեռնվել է «Սկոլկովո» ՍՊԸ «ՅաԿլաս» ռեզիդենտի կողմից, եւ մեկուկես տարվա ընթացքում «Իմ պրոց»-ում գրանցվել են երկրի բոլոր պետական հանրակրթական դպրոցները, մասնավոր դպրոցների եւ քոլեջների մեծ մասը, ավելի քան 1730 ուսումնական հաստատություն։ Հիանալի է, որ նախագծից օգտվում են նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներն արտասահմանում. այսօր «Իմ դպրոց»-ին մասնակցում են ԱՄՆ 20 դպրոց, 12 դպրոց Ռուսաստանից, 42 դպրոց Վրաստանից, 235՝ Արցախից։ Այս նախագիծը շատ կարեւոր է հայերենի պահպանման եւ զարգացման, հայ երիտասարդության կրթության որակի բարձրացման համար։

Առաջիկայում կհայտարարվի մինչեւ 2030 թվականը ծրագրի երկարացման մասին։ Ծրագրի ի՞նչ ուղղություններ են առաջնահերթ համարվելու առաջիկայում։

Իհարկե, նախեւառաջ կվերլուծվի կուտակված փորձը։ Աշխատանքային խմբերը՝ իշխանության մարմինների, բուհական եւ ակադեմիական գիտության, արդյունաբերության եւ նորարարական բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, կուսումնասիրեն գործող ծրագրերը, նորմատիվ փաստաթղթերը, որոնց վրա նրանք հենվում են։ Կթարմացվեն ցուցանիշները, նոր ծրագրի համար կմշակվեն գործողությունների ազգային ծրագրեր, որոնք կներառեն երկրների միջեւ փոխգործակցության ձեւաչափերը, այդ թվում միջպետական կլաստերների ստեղծումը բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Կշարունակվի կրթական նախագծերի իրականացումը, որոնք վերաբերում են դպրոցական ուսուցման արդիականացմանը։ Հավանաբար, կլինեն գրանտներ հետազոտությունների եւ կրթական նախագծերի համար թվային տնտեսության ոլորտում։ Եվ իհարկե, առանձին թեմա է արդյունաբերական կոոպերացիայի խնդիրների, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի իրականացումը, որոնք հաշվի են առնում ԱՊՀ երկրների եւ աշխարհի առկա լավագույն փորձը։

Որո՞նք են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գլխավոր խնդիրները հետխորհրդային տարածքի երկրներում։

Մեր աշխատանքն ուղղված է մարդասիրական համագործակցության զարգացմանը եւ Ռուսաստանի մասին արտասահմանում օբյեկտիվ կարծիքի տարածմանը։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն այսօր ներկա է աշխարհի 81 երկրում։ Անկախ Պետությունների Համագործակցության երկրները առաջնահերթ են բոլոր առումներով. մենք զբաղվում ենք համագործակցությամբ մշակույթի ոլորտում, առաջ ենք մղում ռուսերենի ուսուցման ծրագրեր, ավելի լայն իմաստով՝ ստեղծում ենք երկխոսության հարթակներ միջազգային փոխգործակցության համար։

Պատմեք, խնդրեմ, Հայաստանում կազմակերպության գործունեության մասին։

Հայաստանն աշխարհի սակավաթիվ երկրներից է, որտեղ աշխատում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մեկից ավելի ներկայացուցչություն։ 2009-ին Երեւանում բացվեց Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, 2017-ի վերջին սկսեց աշխատել կենտրոնի մասնաճյուղը Գյումրիում։ Այսպիսով, ընդլայնվեցին ե՛ւ ռուսերենի ուսուցման հնարավորությունները, ե՛ւ միջպետական փոխգործակցության այլ ձեւերի հնարավորությունները Հայաստանի Հանրապետության տարածքում։