ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մասշտաբային հետաքննություն սկսել Amazon, Apple, Facebook եւ Google ընկերությունների դեմ նրանց կողմից հակամենաշնորհային օրեսնդրության հնարավոր խախտումների ստուգման համար: Այս մասին հաղորդել  է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

 Այդ տվյալների համաձայն՝ հետաքննության ընթացքում լիազորությունները կբաժանվեն ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովի, որը հսկողության տակ կառնի Amazon-ին եւ Facebook-ին եւ Արդարադատության նախարարության միջեւ, որը կզբաղվի Apple-ով  եւ  Google-ով:

Դրա հետ միաժամանակ սեփական հետաքննության մեկնարկի մասին երկուշաբթի հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները:

Նրանք մտադիր են ստուգել նույն Amazon, Apple, Facebook եւ Google ընկերությունների, ինչպես նաեւ այլ տեխնոլոգիական հսկաների գործունեությունը, որպեսզի հասկանան, արդյոք այդ ընկերությունները չափազանց խոշոր եւ ազդեցիկ չեն դարձել՝ սպառնալով սպառողների ազնիվ մրցակցությանը եւ շահերին:

Ինչպես հայտարարել է կոնգրեսական  Դեւիդ Սիսիլինին (Ռոդ Այլենդ նահանգից դեմոկրատ), որը հայտարարել է հետաքննության սկզբի մասին, այն չի ուղղվելու որեւէ կոնկրետ ընկերության դեմ եւ նրա նպատակը կլինի այն, թե ինչպես է աշխատում ոլորտը:

 

Նա ընդգծել է, որ դեմոկրատները մտադիր են կազմակերպել լսումներ, որտեղ կարող են հրավիրվել խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ փաստաթղթեր պահանջել, այդ թվում օրակարգի միջոցով, եթե դա անհարժեշտ լինի:

Նման օրակարգի պահանջների կատարումից հրաժարվելը ԱՄՆ-ում անհարգալից վերաբերմունք է համարվում Կոնգրեսի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ուրբաթ The Wall Street Journal թերթը տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է հետաքննել Google-ը՝ նպատակ ունենալով պարզել, թե չի օգտագործում արդյոք ընկերությունը, որն աշխարհում առցանց գովազդի ամենամեծ հարթակն ունի, իր դիրքը շուկայում, որպեսզի ճնշի ավելի փոքր մրցակիցներին՝ դրանով իսկ խախտելով ազնիվ մրցակցության մասին օրենսդրությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Facebook եւ Twitter խոշոր սոցիալական ցանցերի աշխատակազմերը, ինչպես նաեւ Google որոնողական համակարգը ճնշում են պահպանողական լսարանի ձայնը եւ թաքցնում իրավիճակի մասին դրական տեղեկատվությունն ու նորությունները ԱՄՆ-ում նրա նախագահության օրոք։ Նա նաեւ մատնանշել է արդյունքների իբր առկա կեղծումներն իր մասին համակարգի որոնումներում։