ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմ չէ, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Turan գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ  հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը, որը այցելել է Բաքու:

«Իմ դերն այդ ջանքերին աջակցելու մեջ է», - նշել է  Կլաարը:

«Նախագահ Իլհամ Ալիեւն ինձ տեղեկացրել է այն մասին, թե ինչպես է  գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսին են մարտահրավերները, հնարավորությունները: Այս ամսվա վերջ ես մտադիր եմ այցելել Երեւան եւ շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ», - շարունակել է ԵՄ ներկայացուցիչը:

Արդյոք Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է հումանիտար քայլերի իրականացումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին կողմերը: Պատասխանելով այդ հարցին Թոյվո Կլաարն ասել է, որ այդ թեման շոշափվել է:

«Մենք քննարկել ենք վստահության եւ փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ, որ Բաքվում եւ Երեւանում հասկանում են այդ գործընթացի կարեւորությունը եւ ես խնդրեցի նախագահին եւ արտգործնախարարին ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այս գործընթացին», - ասել է Կլարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Եվրամիությունը աջակցել խաղաղ գործընթացին, Բրյուսելի ներկայացուցիչը նշել է, որ երկար տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանն աջակցելու, բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերին:

Գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մակարդակով շփումները: Ինչպե՞ս է նման դեպքում հնարավոր այդ ուղղությամբ ԵՄ նախագծերի իրականցումը: Այս հարցին Կլաարն ասել է, որ ԵՄ-ն երկու նման նախագիծ ունի եւ դրանցից մեկը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը,  վերջերս կայացել է Թբիլիսիում:

Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնար է առանց շփման եւ միմյանց հասկանալու: Ահա թե ինչու  երկրների առաջնորդները պետք է հասկանան,  թե որքան կարեւոր է  դա:

«Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներց հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նման փոխըմբռնում կա», - ասել է Կլաարը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո մեծացել են արդյո՞ք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Այս հարցին ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հավատարիմ է  խաղաղ կարգավորմանը եւ կառուցվածքային երկխոսությանը:

«Այսպիսին է մեր տպավորությունը ՀՀ ԱԳ նախարարի եւ Հայաստանի այլ առաջնորդների հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների շարքից հետո», - ասել է Կլաարը:

Այդ դեպքում ինչու՞ 30 տարի շարունակ կարգավորման հարցում առաջընթաց չկա, եթե բոլորը կառուցողական են տրամադրված: Ի՞նչ է անհրաժեշտ, որ բեկում տեղի ունենա: Այս հարցերին ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ ցանկացած հակամարտության համար կարելի է լուծում գտնել:

«Որպեսզի բեկում տեղի ունենա կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն: Դա մի բան է, որը չի կարող նրանց դրսից տրվել», - ասել է դիվանագետը: