Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»    ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3։

Բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանց պահպանության նպատակով Տրանշ-2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի համար իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխություն, եւ կազմվել է նոր նախագիծ, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն:

Տրանշ-2 ծրագրի կառավարման խորհրդատու «Սաֆեժ Էս.Ա. եւ Էպտիսա» ՀՁ-ի հնագիտության մասնագետ Բորիս Գասպարյանը, ներկայացնելով հնավայրը, այնտեղ առկա հուշարձանները, նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին եւ դրանց պահպանմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ հայտնաբերված «Ագարակ» պատմամշակութային հուշարձանն իր չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունի։ Բորիս Գասպարյանը նաեւ շեշտել է այն փաստը, որ եւ՜ ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ կառավարությունը, եւ՜ Ասիական զարգացման բանկը մեծապես կարեւորում են հնագիտական հուշարձանները եւ համագործակցաբար աշխատում են` բացահայտելով ու փրկելով բազմաթիվ արժեքավոր նյութեր։

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են նաեւ Տրանշ-2-ի այլ հատվածներ, որտեղ եւս մեկ անգամ արձանագրվել է, որ շինարարություն չի իրականացվում, եւ կապալառուն՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, բացակայում է շինհրապարակից։ Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում կապալառու իսպանական կազմակերպության հետ՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար։ 

Տրանշ-3-ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս պահին կապալառուն հիմնականում կատարում է հողային աշխատանքներ Տրանշ-3-ի տարբեր հատվածներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ այստեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաեւ ԱԶԲ տեխնիկական փորձագետի ներգրավումը, որը, համագործակցելով կապալառուի եւ շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ, որոշ հարցերի լուծման ուղղությամբ աջակցել է իր առաջարկներով։ Նշվել է, որ Տրանշ-3-ում կապալառուն մտադիր է հնարավորինս շուտ ավարտել հողային աշխատանքները եւ անցնել պատվածքի շերտերի տեղադրմանը։

Բագրատ Բադալյանը բանկի պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի` ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինության ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության ծրագրերին։