«Սասնա ծռերի» 10 անդամի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր՝ հունիսի 5–ին դատական սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ ՝ 15 ժամով նրան հեռացնելով դատական նիստերի դահլիճից։

Դատավորի և ամբաստանյալի միջև վիճաբանությունը ծագեց գործով վկա Համլետ Ղուկասյանի հարցաքննության ժամանակ։

Մանուկյանի հերթական հարցը լսելուց հետո  գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսանը առարկեց  հարցի դեմ՝  նշելով,  որ Պավել Մանուկյանը բարձր տոնայնությամբ,  հանդիմանական տոնով վկային հարցեր է ուղղում՝ այդ կերպ ճնշելով նրան։

«Ես ոչ մեկին էլ չեմ հանդիմանել , ոչ էլ պատրաստվում եմ հանդիմանել , բացի քեզանից։ Ամեն ինչ կտրում ա, հո ըտե՞նց չի,  կարո՞ղ ա Գրիգոր Լուսավորիչն ա եկել ստեղ»,–ասաց Մանուկյանը՝ դատախազին մեղադրելով իր հարցն ընդհատելու համար։

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի  համար  դատարանը նկատողություն տվեց Մանուկյանին։

 «Բա ինչու՞  իրան նկատողություն չես տալիս ինձ ընդհատելու համար»,–բարկացավ Մանուկյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հորդորեց ամբաստանյալին իր հետ դու ով չխոսել, ինչին սակայն Մանուկյանն արձագանքեց. «Էդ ձեզը պիտի վաստակեք իմ կողմից»։

 Այսպիսով դատարանը որոշում կայացրեց Պավել Մանուկյանին 15 ժամով հեռացնել դատական նիստերի դահլիճից ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։