Ապրիլյան պատերազմի հետ կապված պատերազմի օրերից առ այսօր դեռ կան բաց հարցեր, որոնք հասարակությանը հուզում են, եւ այս հարցերի բաց մնալը ավելացնում է անվստահությունը բանակի եւ բանակում գործընթացների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ խոսելով Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի մասին։

«Սա խնդիր է, իսկ այդ խնդիրները փարատելու համար մեզ պետք են որոշակիություն, վստահության ավելացում եւ պետք է, որ բոլոր բաց կետերը փակվեն եւ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն»,–նշեց նա։

Անդրադառնալով հանձնաժողովի երեկ կայացած աշխատանքային հանդիպմանը, Գորգիսյանն ասաց, որ ԼՀԿ–ն մեկ վերապահում ուներ. «Միակ վերապահումը, որ հանձնաժողովի նախագահի հարցն էր, որովհետեւ թեեւ «ԱԺ կանոնակարգը» սահմանում է, որ բանակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերով քննիչ հանձնաժողովը Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովն է, բայց չի նշում, որ այդ հանձնաժողովի ղեկավարը պետք է լինի քննիչ հանձնաժողովի նախագահը։ Մեր վերապահումը վերաբերում էր նախկինում համակարգում պարոն Քոչարյանի փորձին, որը կարող է ինչ–որ փուլում մեկնաբանվել որպես ոչ անաչառ վերաբերմունք տարբեր անձանց նկատմամբ, հաշվի առնելով նրա անցած ուղին, կապերը տարբեր մարդկանց հետ։ Քանի որ մեզ համար կարեւոր է, որ որեւէ փուլում կասկածի տակ չդրվի այդ հանձնաժողովի անաչառությունը, մենք առաջարկեցինք, որ պարոն Քոչարյանին փոխարինի իրենց հանձնաժողովից որեւէ մեկը, սակայն առաջարկը չընդունվեց»։