Հանրայնացման խնդրի մտահոգություն մենք էլ ունենք , եւ հանրայնացման խնդիր չենք դրել մեր առջեւ: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ի՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության հանրայնացումը կարող է վտանգավոր եւ վնասակար լինել:

«Վազգեն Մանուկյանը, լինելով ժամանակին Ղարաբաղ ֆոնդի կոորդինատորը, այսինքն առաջին դեմքը, այդ ժամանակ այդպիսի մեծ վախեր չուներ, եւ ինքը շարժումը տանում էր շատ ոգեղեն եւ ճիշտ քայլերով: Մենք հանրայնացման խնդիր չենք դրել մեր առջեւ: Մեր աշխատանքն ուղղված է լինելու հարցերի փաստացի պատասխանները գտնելուն, եթե դրանք գոյություն ունեն: Այստեղ որեւէ քաղաքական շահարկում ես թույլ չեմ տալու, դա բացառվում է»,- ասաց նա:

Հարցին՝ պատերազմի հանգամանքները պարզելու հարցով ինչու մասնագիտական հանձնաժողովը չի զբաղվում, Քոչարյանն ասաց, որ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվեր անմիջապես Սերժ Սարգսյանի հրամանագրով եւ գլխավորությամբ. «Բայց մենք տեսանք, որ ժամանակավորապես հեռացվեցին մի քանի պաշտոնյաներ, եւ  որեւէ նորմալ քննություն չարվեց: 2 օր առաջ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ինչ-որ ուսումնասիրություններ են արվել խիստ գաղտնի ռեժիմով, որի արդյունքները ո՞վ է տնօրինում, ի՞նչ եզրահանգման են եկել, ես չգիտեմ»,- ասաց նա:

Քոչարյանը բացառեց, որ եթե պարզվի՝ բանակը պատրաստ չի եղել պատերազմին, այդ հանգամանքը հանրությանը չբարձրաձայնի. «Երկրի անվտանգության տեսանկյունից, բնականաբար, մեր աշխատանքը լինելու է փակ, խնդրում եմ մեզնից չնեղանաք, դրանք լինելու են հիմնականում փակ»,- հայտնեց նա: