Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:

Վերջինս, հունիսի 5-ին, «Արցախպրես»-ի հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը ծեծկռտուքին, սակայն, ԱՀ ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է ԱՀ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում և ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Նշվում է, որ նույն գործով ձերբակալվել են նաեւ Հայաստանի Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությունը շարունակվում է։

 

Ավելի վաղ Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել Սամվել Բաբայանի աջակիցները, եւ դա կապ ունի Սամվել Բաբայանի գրասենյակի նախաձեռնած  ստորագրահավաքի հետ։

Իր հերթին Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գյուղապետն է ոտքով հարվածել իրենց աջակիցներին: