Հայաստանի իշխանությունները Իրանի հետ հարաբերությունների զարգացման ծրագիր չունեն: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ հարաբերությունների էությունը չի փոխվել, սակայն ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է: Փորձագետը նշեց, որ նախկինում՝ նույնիսկ Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցվային ռեժիմում, ավելի շատ է արվել, քան հիմա: «Վառ օրինակն է գազատարը շահագործման հանձնելը, չնայած հետագայում խնդիրներ առաջացան խողովակի տրամագծի հետ կապված: Աշխատանքներ են կատարվել Մեղրիի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ»,- հիշեցրեց նա:

Իրանագետը հավելեց, որ հիմա հայ հանրությունն ավելի շատ զբաղված է ներքաղաքական, իսկ երբեմն էլ կենցաղային խնդիրներով՝ այն դեպքում, որ Մերձավոր Արեւելքում գործընթացները, ինչպես նաեւ Իրանի հետ իրավիճակը, կարծես, ոչ մի ձեւով չի վերլուծվում: «Ներկայիս պայմաններում Իրանը գործընկերոջ կարիք ունի, որի հետ կկատարի որոշակի բանկային գործարքներ, նույնը վերաբերում է իր առեւտրա-տնտեսական հնարավորություններն ընդլայնելու Թեհրանի ցանկությանը: Ընդ որում՝ Իրանում Հայաստանը դիտարկում են որպես կարեւոր երկիր, որի միջոցով կարելի է այս բոլոր ծրագրերն իրականացնել: Սա նշանակում է, որ մենք կարող ենք օգտվել այս հանգամանքից: Միայն անհրաժեշտ է գրագետ քաղաքականություն վարել ԱՄՆ-ի կողմից ճնշումը թուլացնելու տեսակետից, որն ակնհայտորեն Երեւանի վրա գործադրվում է»,- պարզաբանեց Ոսկանյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ իշխանություններն անհամարժեք են արձագանքում տարածաշրջանային իրավիճակին՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի լարված հարաբերությունները կարող են Հայաստանի վրա անդրադառնալ: «Պետք է առաջին հերթին աշխատանք տարվի այն ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ ճնշման հետեւանքով Իրանի հետ առեւտրային հարաբերություններում կոլապս թույլ չտրվի, մասնավորապես՝ բեռնափոխադրումների հարցում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շրջափակման վիճակում է»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը: