Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաեւ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։ Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի նախաձեռնած ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բերիո թեմի առաքելական եկեղեցուն։

Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ եւ որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։

Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության եւ մարդասիրական առաքելության համար։