Facebook-ի թվային արժույթը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի շաբաթ հետո: Engadget-ի տեղեկություններով՝ «կրիպտոյի» դեբյուտը տեղի կունենա մինչեւ հունիսի վերջը: Ավելի վաղ կարծում էին, որ այն կթողարկվի միայն 2020 թվականին, փոխանցում է HighTech+-ը: 

Վճարային նոր միջոցի հանրաճանաչությունը մեծացնելու համար սոցցանցի ղեկավարությունը բոնուսներ կվճարի վաճառողներին, որոնք համաձայնվել են այն ընդունել: Դրանից բացի, նախատեսվում է «կրիպտո» ձեռք բերելու նպատակով փոխանակման կետերի ցանցի ստեղծում: Իսկ ընկերության աշխատակիցները ցանկության դեպքում կարող են աշխատավարձը դրանով ստանալ:

Facebook-ի թվային արժույթը կլինի շատ ավելի կենտրոնացված եւ կայուն, քան բիթքոինը:  Արժեքի փոփոխականության դեմ պաշտպանության երաշխիք կդառնա կողմերի, ֆինանսական ընկերությունների հետ գործընկերությունը, որոնցից սոցցանցը կգանձի 10 մլն դոլարի լիցենզիոն մուտքեր: Այս փողը կնախատեսվի «կրիպտոյի» կայունության պահպանմանը:

Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել համանման լուրերը: Եթե դրանք ստույգ լինեն, սոցցանցի օգտատերերը կունենան «անսահմանափակ» վճարային միջոց, որը կախված չի լինի ազգային արժույթի տատանումներից: Մյուս կողմից, սակայն, սոցցանցի մեծ թվով օգտատերեր հավատը կորցրել են ինչպես ընկերության ղեկավարության, այնպես էլ կրիպտոարժույթի գաղափարի նկատմամբ: Արդյո՞ք Facebook-ի նախաձեռնությունը հաջողված կամ ձախողված կլինի՝ կկարողանանք հասկանալ արդեն առաջիկայում: