Intel-ի փոխնախագահ Նավին Ռաոն մեքենայական ուսուցման զարգացման ներկայիս փուլը համեմատել է այֆոնների հայտնվելու առաջին տարվա հետ: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե դա աշխատանքի, հաղորդակցության եւ զվարճությունների մեջ ինչպիսի տեկտոնիկ փոփոխությունների կհանգեցնի: Մենք դա գիտակցում ենք միայն հիմա: ԱԻ-ն մեր կյանքը շատ ավելի ուժգին կփոխի, քան այֆոնի հայտնվելը, անգամ անիվի եւ վառոդի գյուտը:

Նավին Ռաոն ոչ միայն Intel-ի փոխնախագահն է, այլեւ ԱԻ-ի գծով գլխավոր մենեջերը: Նա արհեստական ինտելեկտի արշալույսը համեմատել է այֆոնների զարգացման հետ: Ինչպես եւ iPhone-ը, մեքենայական ուսուցումը ԱԻ-ի առաջին ձեւը չէր, բայց հենց նա ուշադրություն գրավեց եւ տեխնոլոգիայի զարգացման կարեւոր նշաձող դարձավ: Ռաոյի կարծիքով՝ ԱԻ-ի սպասվող հեղափոխությունը մարդու՝ որպես տեսակի պատմության մեջ գլխավոր իրադարձությունն է, հայտնում է VentureBeat-ը:

«Քչերն են հասկանում փոփոխությունների մասշտաբը, որոնք իրենց հետ բերել են սմարթֆոնները: Ոչ ոք չէր կանխատեսում, որ դրանք զգալիորեն կմեծացնեն մեր աշխատանքային օրը, քանի որ մենք հիմա չենք հեռանում էլեկտրոնային փոստից,- ասել է նա: - Ոչ ոք չէր կանխագուշակում, որ մենք ընտանիքի անդամներին կխնդրենք նայել իրենց սարքերին, որպեսզի մենք կարողանանք նրանց հետ խոսել: Ոչ ոք չէր մտածում, որ մենք ստիպված կլինենք երեխաներին սովորեցնել դեմ առ դեմ շփվելու հմտություններին»:

ԱԻ-ի հեղափոխությունը, որը կբազմապատկի տեղեկությունների ծավալը եւ հասանելիությունը, կմեծացնի նաեւ փորձագետների իրազեկվածությունը: Ռաոն լուրջ աճ է կանխատեսում բոլոր ոլորտներում, բայց հատկապես առողջապահության, գյուղատնտեսության եւ տիեզերքի գաղութացման ոլորտում:

ԱԻ-ի շնորհիվ լավագույն մասնագետների փորձը եւ գիտելիքները հասանելի կլինեն յուրաքանչյուրին, եւ դա արդեն իսկ տեղի է ունենում: Նա որպես օրինակ բերում է Չինաստանում կուրության կանխարգելման ծրագիրը, երբ խորը ուսուցման ակնաբուժական համակարգերը ծանրաբեռնված բժիշկներին թույլ են տալիս փոքր քաղաքներից պացիենտների զննում անցկացնել: Որքան շատ են հայտնվում բժշկական տվյալների անվտանգ փոխանցման ուղիները, այնքան ԱԻ-ի համար ավելի հեշտ է մշակել բուժման նոր ձեւեր, հայտարարել է Ռաոն:

Գյուղատնտեսությունում արհեստական ինտելեկտը կբարձրացնի առանց գենետիկ մոդիֆիկացիայի բերքատվությունը, իսկ տիեզերքում կօգնի կառուցել ամբողջական գաղութներ՝ առանց գաղութարարների բնակեցման, կարծում են Intel-ում։

Որպեսզի այս լավատեսական մոտեցումն իրականություն դառնա, Ռաոն խորհուրդ է տալիս հետեւել արհեստական ինտելեկտի երեք առանցքային «առաքինություններին»։ Դրանք են խոհունությունը, անվտանգությունն ու թափանցիկությունը։ Բաժնետերերը պետք է նվազագույնի հասցնեն անհայտության գործոնի ազդեցությունը, զգուշություն պահպանեն, մշտապես ստուգեն փորձերը տարբեր տեսակետներից եւ խրախուսեն բանավեճերը։

Intel-ի մյուս փոխնախագահի՝ Գադի Սինգերի կարծիքով, ապագայում գրեթե չի լինի մասնագիտություն, որը կապված չլինի արհեստական ինտելեկտի հետ։ ԱԻ տարրերը կհայտնվեն յուրաքանչյուր ճյուղում եւ կհանգեցնեն մի ամբողջ շարք մասնագիտությունների անհետացմանը։