ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը եւ այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։

Նախարարը նշել է նաեւ, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար եւ մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար: Համագործակցությունն այս ոլորտում անկասկած զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով եւ ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:

Փոխտեղակալ Միլեն կարեւորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար: 

Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին եւ պատրաստակամություն են հայտնել  համագործակցել այդ բնագավառում։

Հանդիպման ավարտին  նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):