Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2018 թվականին հավաքվել են 99,7 տոկոսով։ Հարկերից եւ տուրքերից եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 341,7 մլրդ դրամ։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանի Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 7-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ընդ որում՝ ըստ նրա, խոսքը ոչ թե սկզբնական, այլ ավելի ուշ ճշգրտված եւ բարձրացված պլանի մասին է։ «2017-ի համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 165 մլրդ դրամով։ Ընդ որում՝ նոր կանոններով տարբերությունը ֆինանսների նախարարությունում ազնիվ են հաշվել։ Ընդհանուր հավաքված հարկերից հանել են այն գումարները, որոնք պետությունը վերադարձնում է բիզնեսին։ Իսկ դա մոտ 55 մլրդ դրամ է։ Բայց անգամ այդ հանման հաշվառմամբ 2018-ին պետությունը հավաքել է 165 մլրդ դրամով ավելի հարկեր»,- հավաստիացրել է Ջանջուղազյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ հարկերի կառուցվածքում նախկինի պես ամենամեծ տեսակարար կշիռ ունեն ԱԱՀ-ն՝ մոտ 32 տոկոս, եւ ֆիզիկական անձանց եկամտահարկը՝ մոտ 26 տոկոս։