Հայաստանում շահագործման է հանձնվել Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոմայրուղու 38,5 կմ երկարությամբ հատվածը: Այս մասին հունիսի 7-ին Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ սա բավականին բարձրորակ, լայն ճանապարհ է՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությամբ: «Հաջորդ տարվա վերջին այս ուղղությամբ ճանապարհը կհասնի սահմանին: Իսկ արդեն այս ամիս պատրաստ կլինի Երեւանից Դիլիջան-Իջեւան ավտոմայրուղին, որը տանում է Վրաստանի սահման»,- հայտնեց Արշակյանը: Նախարարը նշեց, որ Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհի դեպքում որակը կբարձրանա, այն ավելի կլայնանա, ինչպես նաեւ կբարձրանա կարգավիճակը: