ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Նրա խոսքով՝ կարեւոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

«Սա իսկապես շատ կարեւոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետեւ, կարծում եմ, որ մենք այս հարցը  քննարկում ենք նաեւ  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ, պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետեւ ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք», - ասել է  Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1 տոկոս: «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք շատ լավ հնարավորություններ տնտեսական առաջընթացի համար: Մենք սա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը», - ընդգծել է նա: