2023 թվականին հասնելու ենք համախառն ներքին արդյունքի նկատմամբ ներդրումների 23 տոկոսը գերազանցող մակարդակի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով համախառն ներքին արդյունքի ներդրումներից:

Նախարարի խոսքով՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ ներդրումները կազմում են 17 տոկոս, բայց դրանք այն մակարդակը չեն, որին կառավարությունը ձգտում է իր գործունեության արդյունքում. «Ներդրումները պակաս են, ոչ թե պակասել են: Վստահ եմ, որ ներդրողները երկարաժամկետ իրենց պլանները կազմելիս հաշվի են առնում այն սկզբունքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ՝ արդար եւ  հավասար մրցակցության պայմաններ, խաղի հավասար կանոններ: Դրանք այն հիմնական սկզբունքային չափորոշիչներն են, որոնք ներդրողին հուշում են գա տվյալ երկիր, թե` չէ»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավորների այն համոզմունքին, որ երկրի ներքաղաքական վիճակը, օրինակ դատարանների մուտքերի փակումը տնտեսվարողների մոտ հիասթափություն են առաջացնում, եւ նրանք խուսափում են ներդրումներ անելուց, նախարարն ասաց, որ նման մտահոգություններ չկան:

«Կարծում եմ՝ դրանք շահարկվում են, եւ իրերն իրենց անուններով չեն կոչվում:

Դրանք շատ հստակ նպատակ ունեցող, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացում պահանջող եւ արդարության խոչընդոտները վերացնող գործողություններ են: Կարծում եմ, որ կարճաժամկետ ինչպիսի արձագանք էլ լինի ընդդիմության կողմից, որովհետեւ դրանք, ենթադրում եմ, որ չեն հնչում առանց քաղաքական նպատակների, երկարաժամկետ առումով, դրանք, միանշանակ, դրական երեւույթներ են, որովետեւ ուղղված են մեր դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը»,- ասաց նա:

Հարցին, թե Հարկային օրենսգրքի փոփոխություններին ինչպես է վերաբերվում, արդյոք հնարավոր կլինի՞ դրա արդյունքում ներդրումներ ներգրավել Հայաստան, նա արձագանքեց, որ Հարկային օրենսգրքում 2 կարեւոր փոփոխություն կա, եւ որոնք ներդրումային գրավչությունը բարձրացնելուն են ուղղված. «Ասում ենք, որ շահույթահարկի դրույքաչափերն են նվազելու, համապատասխանաբար, տրամադրության տակ մնացող շահույթն է ավելանալու, նաեւ շահաբաժինների դրույքաչափն ենք նվազեցնում օտարերկրյա ներդրողների համար: Ներկայիս սահմանված 10-ը իջեցնելով  5, դա նույնպես խթանն է, որ նպաստելու է՝  ներդրողները ավելի մեծ շահույթների ակնկալիքով գան Հայաստան:

Բնականաբար, եթե մենք նվազեցնում ենք բեռը, հարկային կատարված ներդրումների դիմաց ստացված եկամուտների նկատմամբ, նաեւ ավելի ցածր եկամտաբերությամբ ծրագրերն են դառնում իրագործելու տեսանկյունից հետաքրքիր եւ ներդրումային ծրագրերն են ավելանում»,- ասաց նախարարը: