Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները տագնապեցրել են նրանով, որ տնտեսության արտահանման ուղղվածության ճյուղերի շահութաբերությունը մոտավորապես 40-50 տոկոսով ցածր էր, քան ներքին սպառման ոլորտներում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ընթացքում, հունիսի 7-ին ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ դրա հետեւանքն այն է, որ ներդրումները, ըստ էության, հոսում են շահութաբեր սեկտորներ։ «Եվ իրավիճակն այնպիսին է, որ տնտեսության արտահանման ուղղվածության ճյուղերում 4-4,5 անգամ պակաս ներդրումներ են արվում»,- պարզաբանել է Պողոսյանը։ Փոխնախարարն ընդգծել է, որ դա լուրջ մարտահրավեր է Հայաստանի փոքր եւ բաց տնտեսության համար։