Հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է ՄՄԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ միգրացիոն քաղաքականության եւ օրենսդրության մշակման, միգրացիոն ոլորտում ՀՀ կարողությունների ամրապնդման հարցերում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հետագայում ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը ՀՀ կառավարության գերակայություններին համահունչ դարձնելու ուղղությամբ:

Տիկին Սաբադոշը ներկայացրել է ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները եւ բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Նա հայտնել է, որ ՄՄԿ-ն պատրաստակամ է օժանդակել կամավոր վերադարձի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՄՄԿ-ի միջեւ համագործակցության տարբեր ասպեկտները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Մերձավոր Արեւելքից միգրացիոն հոսքերի հետ կապված հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է ՄՄԿ երեւանյան գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է եղել նաեւ առողջապահական գործոնով պայմանավորված միգրացիոն խնդիրներին: