Քննչական Կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի երեք մասնակցի, որի հետեւանքով սպանվել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Իրավապահ մարմիններում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ներկայումս ձերբակալվածների հետ քննչական գործողություններ են կատարվում:

«Քննությունը պարզել եւ իրավապահ մարմինների աշխատակիցների աջակցությամբ ձերբակալել է Կրասնոգորսկի շրջանի ծեծկռտուքին մասնակցած եւս 2 կասկածյալի: Մեկն ինքն է ներկայացել քննչական մարմիններին: Նրանց հետ քննչական գործողություններ են տարվում, պարզվում է միջադեպին նրանց դերակատարումն ու մասնակցությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից՝ պայմանավորված քննության գաղտնիությամբ:

Այսպիսով, գործի ֆիգուրանտների թիվը կազմում է 7: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ծեծկռտուքին կարող էին մասնակցած լինել շուրջ 10 մարդ:

Ծեծկռտուքի գործով արդեն 2 ամսով կալանավորված են 4 ֆիգուրանտներ. սպանության մեջ մեղադրվողը գործազուրկ ռուսաստանցի Սերգեյ Խոջայանն է, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացի Սուրեն Մարկոսյանը եւ Հայաստանի երկու քաղաքացի՝ Նարեկ Ստեփանյանը եւ Սահակ Սահակյանը, որոնց մողասագրվում է խուլիգանության մեղադրանք: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանի Նովոտուշինսկյան փողոցում գտնվող սրճարանում տեղի է ունեցել զանգավածային ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասնակիցներին բաժանել փորձող Բելյանկինը սպանվել է, եւս մեկ տղամարդ վնասվածքներ է ստացել: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ խուլիգանության մեղադրանքներով: