ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի մասնակցությամբ հանդիպում է  ունեցել USAID-ի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ USAID-ի գլոբալ լաբի փորձագետները:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.ma-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրներն ու ծրագրերը, Սիլիկոնյան հովիտ կատարած այցի եւ գործնական հանդիպումների մանրամասները։

Նախարարն անդրադարձել է նաեւ Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանում ներդրված Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաների հաջողված փորձին, լաբորատորիաների զարգացման պլաններին եւ արտերկրում նման փորձի կիրառման հեռանկարին։

Ալեքսանդր Սոկոլովսկին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի վերաբերյալ իր տպավորություններն է կիսել ներկաների հետ: Նա ընդգծել է, որ USAID-ի համագործակցությունը Հայաստանի հետ այս ոլորտում հաջողված է այն առումով, որ արդարացվել է USAID-ի ռազմավարությունը` ներդրումներ կատարել ցածր եկամուտ ունեցող, սակայն զարգացման հսկայական ներուժ ունեցող երկրներում:

Նախարարը եւս իր գոհունակությունն է հայտնել USAID-ի հետ համագործակցությամբ Երեւանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Լաբի ներդրման ու հետագա արդյունավետ գործարկման առնչությամբ` ընդգծելով ՀՀ գիտական, տեխնոլոգիական եւ կրթական  ներուժի առկայությունը որպես հաջողության հիմնական գրավական։

Կողմերը քննարկել են համագործակցության այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ստարտափերի համար մարքեթինգի վերաբերյալ համապատասխան դասընթացների կազմակերպումը, Պոլիտեխնիկական համալսարանում ԱՄՆ առաջատար համալսարանների կրթական ծրագրերի ներդրումը, ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորումը, թվային տնտեսության, կիբերանվտանգության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։